Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Աշխարհն ուժեղների մեջ բաժանելու «հին-բարի» ավանդույթը մնում է ուժի մեջ

Աշխարհն ուժեղների մեջ բաժանելու «հին-բարի» ավանդույթը մնում է ուժի մեջ
01.12.2025 | 18:36

ՈՒկրաինական միջնորդավորված պատերազմը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև մոտենում է իր ավարտին այն տարբերակով, երբ հիմնական հակառակորդներից (ԱՄՆ և Ռուսաստան) ոչ մեկին ձեռք չի տալիս այն շարունակելը, քանի որ խաղաղությունն ավելի շահավետ կարող է լինել, քան պատերազմը շարունակելը։

Բայց, մինչև նման եզրահանգման գալը, հիմնական հակամարտ կողմերն այս հարցում ունեին Բայդենից մնացած ժառանգություն, ըստ որի, Արևմուտքը, բացահայտորեն զոհելով Ուկրաինան, ձգտում էր թուլացնել Ռուսաստանն ու տիրանալ նրա ռեսուրսներին՝ մեկուսացնելով նաև արագ վտանգավոր հակառակորդ դարձող Չինաստանին։

Բայդենից հետո իշխանության եկած Թրամփը, աշխարհում հակամարտ կողմերի ուժերի, հնարավորությունների, ռեսուրսների ու դրանցով որոշվող պոտենցիալների սթափ անալիզի արդյունքում, եկավ այն եզրակացության, որ ԱՄՆ-ի գլոբալ շահից է բխում Ուկրաինային դեպի պարտություն տանող պատերազմի անհապաղ դադարեցումը։

Եվ այդ ամենն էլ Չինաստանի ու Ռուսաստանի վերելքի և, ընդհանրապես, աշխարհում հակաարևմտյան տրամադրությունների աճի և, մյուս կողմից էլ, ԵՄ-ի բռնած կրավորական դիրքի պայմաններում։

Այս ամենից բխող ավելի ընդհանուր եզրակացությունն էլ այն էր, որ, փաստորեն, աշխարհի՝ արդեն անցյալում մնացած միաբևեռության և անշեղորեն դեպի բազմաբևեռություն գնալու պայմաններում, հարցերի լուծումը, առաջին հերթին, հզորների եռյակի հարաբերությունները կոնֆրոնտացիոն ռեժիմից հանելն է և այն դեպի հավասարակշռության ռեժիմ և ուժային բալանս տանելը։

Նման պայմաններում, Ռուսաստանը, հաշվի առնելով Թրամփի բիզնես մտածողության առանձնահատկությունները, հարցերի լուծումը տեսավ, մի կողմից, ճնշումն ուկրաինական ռազմաճակատում ուժեղացնելով և, մյուս կողմից էլ, իր ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի միջոցով ԱՄՆ-ին առաջարկելով մեծամասշտաբ ու փոխշահավետ նախագծերի մի ամբողջ գամմա, որոնց երկարատև քննարկումներն էլ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ստիվեն Ուիտկոֆի հետ ակնհայտորեն ցույց տվեցին, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև համագործակցությունն ավելի շահավետ է, քան հակամարտության իրեն սպառած ռեժիմը։

Բայց նման եզրակացությունը կյանքի կոչելն ինքնին մեծ պրոբլեմ է, քանի որ դրանում շահագրգռված չեն, առաջին հերթին, Զելենսկին ու իր նեղ շրջապատը և ԵՄ-ը, որն էլ, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև իր շահերը հաշվի չառնող նման համաձայնության հետևանքով, կկորցնի իր աշխարհաքաղաքական կշռի վերջին մնացորդները ևս։

Նման դիմադրության դեմն առնելու առաջին ու վճռական քայլն էլ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական հակակոռուպցիոն բյուրոյի որոշումն էր Զելենսկու շրջապատի մասշտաբային կոռուպցիոն գործունեության մասին ինֆորմացիան բացահայտելը, մի բան, որը վաղուց հայտնի էր բոլորին, բայց պետք էր այն էֆեկտիվորեն բացահայտել ամենահարմար պահին։

Մոտ ապագան էլ ցույց կտա, որ աշխարհն ուժեղների մեջ բաժանելու «հին-բարի» ավանդույթը մնում է ուժի մեջ, և որը նաև աշխարհը դեպի հարաբերական ուժային հավասարակշռություն տանող միակ ճանապարհն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ